Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև ապրիլի 20-ին անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ:
«Նախարարների տեղակալները հանգամանալից կերպով մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում դիտարկվող բազմաթիվ հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց նշված կառույցների արդյունավետության բարձրացմանը նպաստելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ին հայտնում են, որ խորհրդատվությունները հաստատել են սերտ երկխոսությունը շարունակելու փոխադարձ շահագրգռվածությունը: