ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի քվեարկությանը:
«Այս հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է տեղի ունեցել: Մենք նույնպես այնքան էլ չենք հավատում զուգադիպությունների»,- գրել է նա Instagram-ում՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչու է ինքը դեմ քվեարկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում հայ ռազմագերիների հարցը ներառելուն: Պախոմովը հավելել է, որ պատվիրակության անդամները համապատասխան դիմում են ներկայացրել:
Հիշեցնենք, որ 2019թ. հունիսին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնի իրավունքի վերականգման հարցին դեմ քվեարկելուց հետո ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը»: