Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԼՂ հակամարտության, ինչպես նաև 20-րդ և 21-րդ դարերում Նախիջևանի հայերի նկատմամբ բռնության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, հայտնում է NEWS.am:
Ներկայացնելով 2020 թվականին արված աշխատանքը՝ նա նշել է, որ խմբի գործունեության արդյունքները հասանելի կլինեն օտար լեզուներով:
«44-օրա պատերազմի ժամանակ մենք հայտնաբերեցինք, որ լուրջ խնդիր ունենք օտար լեզուներով արտասահմանյան գիտական հասարակությանը մեր հարցերը ներկայացնելու մասով: Հենց այդ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձևավորեցինք Ղարաբաղի հարցի ուսումնասիրման խումբ: Աշխատանքը կլինի նաև օտար լեզուներով: Իհարկե, արդյունքները միանգամից նկատելի չեն լինի, սակայն մոտ ժամանակներս հայտնի կդառնան»,-ասել է Մարությանը:
Այժմ խմբում ներառված է 3 գիտաշխատող: Տնօրենը հույս է հայտնել, որ ապագայում տվյալ խումբը կընդլայնվի և կվերածվի առանձին լիարժեք գիտահետազոտական բաժնի: