Վերջին օրերին մտահոգիչ լուրեր ենք ստանում սահմանային իրավիճակի հետ կապված, ընդ որում՝ և՛ Արցախից, և՛ ՀՀ սահմանամերձ շրջաններից: Պաշտպանության բանակն այսօր հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: «Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները», - ասված էր հաղորդագրության մեջ:
Երեկ Սյունիքի մարզում հակառակորդի կողմից կրակ բացելու և փոխհրաձգության մասին հայտնեց նաև Կապանի քաղաքապետը՝ նշելով, որ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերում:
Լուրերը սահմանային լարվածության մասին իսկապես բավական մտահոգիչ են, հատկապես՝ Բաքվից եկող ազդակների ֆոնին: Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը խոսում էր ուժով Սյունիքի միջանցքի հարցը լուծելու հնարավորության և մտադրության մասին, եթե Հայաստանը չհամաձայնի միջանցք տրամադրել: Արդյո՞ք այս ամենը նոր ռազմական բախումների նախերգանք է:
Բնականաբար, գործընթացների վերաբերյալ հնարավորինս ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է նաև աշխարհաքաղաքական մյուս զարգացումներին հետևելը: Այստեղ առանցքայինն, իհարկե, Ռուսաստանի Դաշնության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են և, հատկապես, սրացումներն Ուկրաինայում: Եվ եթե փորձենք այս ամենին գումարել նաև Հայաստանի այսօրվա իշխանությունների անպատասխանատու, արկածախնդիր քաղաքականությունը, չմտածված հայտարարություններն ու թեզերը, պատկերն առավել մտահոգիչ է դառնում: Մենք այսօր կանգնած ենք նոր, լրջագույն մարտահրավերների առաջ և, առավել քան երբևէ, անպատրաստ ենք դիմակայելու այդ մարտահրավերներին: