Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից, քանի որ դա կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», - ասել է նա:
Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի գործնական քայլերը պետք է համահունչ լինեն եռակողմ համաձայնագրերին, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում 2020 թ. նոյեմբերին և 2021 թ. հունվարին կայացած բանակցություններում: Դիվանագետը հավելել է նաև, որ այս տրամաբանությամբ պետք է լուծվի նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: