Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆանի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև վերջին տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները՝ մաղթելով, որ ձևավորված համագործակցությունը առաջիկա օրերին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ արդյունավորվի նորանոր ձեռքբերումներով:
Հայոց Հովվապետը ընդգծեց, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակության այցելությունը այդ համագործակցությանը միտված լինելու վկայություն է:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց արցախյան երկրորդ պատերազմին և հայ ժողովրդի կրած կորուստներին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կդատապարտի աշխարհի հայացքի ներքո տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները։ Ամենայն Հայոց Հայրապետը ընդգծեց, որ աշխարհը կարող է զարգանալ և առաջընթաց արձանագրել՝ մարդկային կյանքը խարսխելով իրավունքի, արդարության ու ճշմարտության արժեքների վրա:
Իր հերթին տիկին Ֆերնանդեսը, ուրախություն հայտնելով ընդունելության առիթով, նշեց, որ իր համար կարևոր է լինել աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած երկրում: Անդրադառնալով Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդների կրած դժվարություններին և դատապարտելով մարդկության դեմ ոճրագործությունները՝ նախագահ Ֆերնանդեսը ընդգծեց, որ ձևավորվող համագործակցության շնորհիվ Կենտրոնամերիկյան խորհրդարանում ընդգրկված ժողովուրդները կդառնան կամուրջ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: