Տարեվերջին Հայաստանը կվերադառնա 4%+-1,5% գնաճի թիրախային միջանցք: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, փոխանցում է news.am-ը:
ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը չի արագանա, և տարեվերջին Հայաստանը կվերադառնա 4%+-1,5% գնաճի թիրախային միջանցք: «Արդեն ապրիլի արդյունքներով մենք տեսնում ենք, որ մարտին պիկից հետո գնաճը ընթանում է դեպի անկում»,-նկատեց Երիցյանը:
Նրա խոսքով՝ գնաճի վրա ցածր ճնշման մասին վկայում է նաև ֆինանսական շուկայում ներկայիս դրությունը, որտեղ ապրիլին պահանջարկը, ԿԲ տվյալներով, ևս ցածր է: «Հայկական դրամի փոխարժեքը նվազել է ֆինանսական շուկաներում պահանջարկի բացակայության և բացասական սպասումների մեղման պատճառով: Քանի որ շուկաներում պահանջարկը ցածր է, ապա լուրջ տատանումներ չպետք է լինեն»,-նշեց նա:
Երիցյանը հավելեց, որ տատանումները խիստ անդրադառնում են ֆինանսական համակարգի վրա, քանի որ բանկերում ներդրումների գրեթե կեսը պահվում են դոլարով: