Վերջին շրջանում Թուրքիայի կեցվածքն ու պահվածքը հասունացրել է Միացյալ Նահանգների կողմից մտրակ կիրառելու պահը, սակայն Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրացման ֆոնին այդ մտրակ չէր կարող լինել այն ուժգնությամբ, որ ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերությունները մտնեին փակուղի: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը, փոխանցում է Tert.am-ը:
Կարեն Բեքարյանը Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառման համատեքստում երկու սցենար է առանձնացնում:
«Այն, ինչ իրականացրեց Միացյալ Նահանգները, զգուշացված էր Թուրքիային: Թուրքիային նաև զգուշացված է՝ ինչ քայլեր և գործողություններ պետք է անի և ինչ ժամկետներում, որպեսզի երկրորդ և ավելի ուժգին մտրակը չգա՝ կապ չունի որ ասպարեզում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն օրենքի մակարդակ բերելու, թե պատժամիջոցներ կիրառելու»,- նշել է նա:
Երկրորդ հնարավոր սցենարի դեպքում, ըստ վերլուծաբանի, Թուրքիային պետք չէ բացատրել արված քայլերի պատճառները, Անկարան առանց պայմանավորվելու էլ քայլեր է անելու դա շտկելու համար:
«Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս երկու սցենարի միջև տարբերությունը շատ չնչին է, սակայն կա մի շատ էական տարբերություն: Առաջինի պարագայում, երբ զգուշացրել և պայմանավորվել ես, նշանակում է բանակցություն կա: Եվ այստեղ առաջանում է հարց՝ այդ բանակցության ներքո ի՞նչ պայմանավորվածություններ կարող են լինել, որոնք անդրադառնում են Հարավային Կովկասին, Ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստանի Հանրապետությանը», - նշել է նա:
Բեքարյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառում է բլիթի քաղաքականություն՝ փորձելով երկուսի մոտ էլ առաջացնել հակառուսական տրամադրությունները:
«ԱՄՆ-ը պատերազմի ընթացքում իր լռությամբ, պատերազմից հետո իր անհասցե վերաբերմունքով, երբ չկա ուղղակիորեն ուժի կիրառման դատապարտում, Ադրբեջանին ուղերձ տվեց, որ մարսում է Ադրբեջանի արած հանցագործողությունը, - նշել է նա: ԱՄՆ-ն Հայաստանին բլիթ է տալիս՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելով, իսկ բացառված չէ նաև ամերիկյան հովանու ներքո հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նոր սերիան սկսելով»:
«Մենք շատ նուրբ իրավիճակի հետ գործ ունենք, որտեղ կարևոր է, որ մենք լինենք պետություն: Սակայն մենք այսօր գործ ունենք «այլևս երբեք»-ի մեկ այլ հարթության հետ. 3 տարի շարունակ մեր արտաքին քաղաքականությունն անխտիր բոլոր ուղղություններում տապալած իշխանությունը, պարտություն կրած իշխանությունը հիմա էլ ամեն ինչ մի կողմ թողած զբաղված է սեփական վերարտադրման ֆարս թատրոնով, իսկ աշխարհը շուրջը եռում է, և այդ ամենը մեր վրա կարող է ունենալ կործանարար ազդեցություն: Եթե մենք դասեր քաղած լինեինք պատմությունից, այս ամենը պետք է հնարավոր չլիներ», - եզրափակել է նա:
Մանրամասները տեսանյութում: