«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ փոփոխության ժամանակավոր դադարեցմանը, որն ուղղված էր Ադրբեջանի դեմ.
«Երեկ երեկոյան տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահի հետ: Զրույցի ընթացքում Բլինկենը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ փոփոխության գործողությունը:
Սա շատ կարևոր և շատ հետաքրքիր ինֆորմացիա է: Եթե շատ հակիրճ, ապա նշեմ, որ «Ազատության աջակցման ակտը», որ ընդունվել էր դեռ 1992-ին և նպատակ ուներ Խորհրդային միության փլուզման արդյունքում առաջացած նորանկախ հանրապետություններում ամերիկյան աջակցությամբ զարգացնել ազատ շուկայական տնտեսություններ ու ժողովրդավարություն, 907-րդ փոփոխությամբ զրկում էր նման ֆինանսական աջակցությունից Ադրբեջանին: Ի դեպ, դա պայմանավորված էր հայերի շրջափակման և արցախյան հակամարտության իրողություններով: