Պատկերացրե՞լ եք՝ Վաշինգտոնն ինչ վերաբերմունք է ձևավորելու, երբ տեսնի հայկական կողմի՝ իրականությունից կտրված գնահատականները
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյան շնորհակալական նամակում տեղ գտած ձևակերպումներն ուղղակի տարակուսանք են առաջացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանն օրերս հայտարարել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը Թուրքիայի համար իրավական հետևանք չի ենթադրում: ԱՄՆ պետքարտուղարն էլ հստակեցրել է, որ այդ եզրույթը կիրառելով՝ ԱՄՆ նախագահը Թուրքիային որևէ մեղադրանք չի առաջադրել: Դա ուղղակի հարգանքի տուրք էր Օսմանյան կայսության վերջին շրջանում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Եվ այս ամենի ֆոնին Արմեն Սարգսյանը Բայդենի քայլը որակում է որպես «հստակ ուղերձ Թուրքիային՝ զերծ մնալ իր նկրտումներից պայթյունավտանգ այս տարածաշրջանում»:
Իսկ պատկերացրե՞լ եք, թե ամերիկյան վարչակազմում ինչ են մտածելու, երբ տեսնեն հայկական կողմի՝ իրականությունից կտրված նման ձևակերպումները, ինչպիսի՞ վերաբերմունք է լինելու Հայաստանի շահերի նկատմամբ, երբ երկրի իշխանությունները որևէ պարագայում չեն ցանկանում հանել վարդագույն ակնոցները և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջ, թե աշխարհաքաղաքական զարգացումներն ուր են տանում…», - գրել է նա: