ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթներից է հրապարակել և գրառում կատարել.
«Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:
Փոխարենը՝ նա իր ելույթներում մշտապես համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Այս գիծը հատկապես ուժգնացել է վերջերս:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:
Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ:
Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը:
Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:
Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականություն չեն վարել ու չի վարում»: