ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հայտարարել է, որ չնայած վիճահարույց հարցերին, պետությունները չեն կարող չհամագործակցել Չինաստանի հետ:
Մեկնաբանելով Չինաստանի հետ հարաբերություններում «կարմիր գծեր» սահմանելու հնարավորությունը՝ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ստիպված է գործ ունենալ Պեկինի հետ:
«Մենք այն վիճակում չենք, որ հնարավորություն ունենանք չհամագործակցել Չինաստանի հետ: Այս հարաբերություններում լուրջ դժվարություններ կան՝ լինի դա կոնֆրոնտացիոն խաղաղություն, մրցակցային խաղաղություն, թե խաղաղություն համագործակցության հիման վրա»,- ասել է Բլինքենը CBS-ին տված հարցազրույցում:
Բլինքենը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների դժվարությունների թվում նշել է Սինցզյանում Չինաստանի քաղաքականության հարցը:
Վերջերս կտրուկ սրվել են արևմտյան երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից Սինցզյանում Չինաստանի վարած քաղաքականության վերաբերյալ քննադատությունները: ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Կանադան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի դեմ Սինցզյան քաղաքում ույղուրների իրավունքների ոտնահարման, ազգային փոքրամասնություններին ճնշելու և հարկադիր աշխատանքի օգտագործման մեղադրանքով: ԱՄՆ-ն հայտարարել է, որ ույղուրների դեմ Չինաստանի գործողությունները կարող են ցեղասպանություն համարվել: Չինաստանը կտրականապես մերժում է բոլոր մեղադրանքները: