Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում պատասխանել եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ Մոսկվայի պատժամիջոցներին: Այս մասին Եվրահանձնաժողովում կայացած հանդիպմանը տեղեկացրել են Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԵՄ-ի հաղորդագրության համաձայն, երկուշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն և Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղար Իլզե Յուհանսոնը կանչել են Չիժովին` «դատապարտելու Ռուսաստանի որոշումը»: Եվրամիությունում դա համարվում է «բացառապես քաղաքական շարժառիթներով» քայլ՝ առանց իրավական հիմնավորման:
Գլխավոր քարտուղարները հիշեցրել են Չեխիայի դիվանագետների արտաքսումը Ռուսաստանի կողմից և Ռուսաստանի ոչ բարեկամ պետությունների ցուցակ կազմելու մտադրությունը՝ «մտահոգություն հայտնելով այդ որոշումների ազդեցության վերաբերյալ ԵՄ և ՌԴ կառավարության հարաբերությունների վրա»,- ասվում է փաստաթղթում: