ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և դա կանի, եթե Մոսկվան ևս նման ուղեգիծ վերցնի: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավար էնթոնի Բլինքենը:
«Մենք չենք ձգտում սրացման: Ընդհակառակը, մենք կգերադասեինք ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ: Եվ եթե Ռուսաստանը սկսի շարժվել այդ ուղղությամբ, ապա մենք նույնպես նման ձևով կվարվենք»,-ասել է նա՝ հանդես գալով Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հնարավորություն կունենա «ուղղակիորեն խոսել այդ մասին, երբ ինքը կհանդիպի նախագահ Պուտինի հետ»:
Պետդեպարտամենտի ղեկավարը պարզաբանել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված այն բանից, թե ինչպես կվարվի Մոսկվան: «Ամեն բան կախված կլինի, թե Մոսկվան ինչ կորոշի անել կամ չանել»,-հայտարարել է նա:
Բլինքենը նաև հիշեցրել է, որ Բայդենը քանիցս պատրաստակամություն է հայտնել խստորեն հակազդել ՌԴ-ին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: