Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը խթանելու գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավմամբ համատեղ աշխատանքը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) համարել է միջազգային առաջատար փորձ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Մասնավորապես, ENNHRI-ին կարևորել է նման համագործակցությունը, որի արդյունքում, միավորելով տարբեր կողմերի ջանքերը, հնարավոր է դառնում էլ ավելի բարձրացնել ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը և դրա վերաբերյալ իրազեկվածությունը:
Պաշտպանին առընթեր խորհրդատվական խորհրդի նիստերին քննարկման նպատակով ընդգրկվում են նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված, բայց դեռևս չկատարված վճիռները։
ENNHRI-ին արձանագրել է, որ նման քննարկումներից մեկի արդյունքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀԿ-ի հետ համագործակցությամբ (Հելսինկյան կոմիտե) համատեղ հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ նման համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցել կայուն համագործակցություն։
Ծանոթագրություն։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ։ ENNHRI- ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայի տարածաշրջանում՝ համագործակցում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հետ։