Մոսկվան հուսով է, որ ոչ ոք չի ձգձգի մերձավորարևելյան կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով կազմակերպելու աշխատանքները, երկրի իրադրությունը պահանջում է արագ և պատասխանատու որոշումներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է խորհրդաժողովին, ապա այն մեր վաղեմի նախաձեռնությունն է: Սակայն ներկայումս այն արդեն Մահմուդ Աբասի նախաձեռնությունն է, որին մենք աջակցում ենք և որի մշակմանը նվիրված կլինի և պետք է նվիրված լինի հատուկ գործընթաց՝ քառյակի շրջանակներում: Մենք դրանով զբաղվում ենք»,-ասել է ռուսաստանցի նախարարը՝ հանդես գալով պաղեստինցի իր պաշտոնակից Ռիյադ ալ-Մալիքիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ նախաձեռնությունը մանրակրկիտ նախապատրաստման կարիք ունի: