Եվրամիությունն ԱՄՆ-ին, Նորվեգիային և Կանադային կթույլատրի անդամակցել Անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության (PESCO) ռազմական ծրագրին, որն ուղղված է ուժերի տեղակայման օպերատիվ հնարավորությունների ընդլայնմանը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Եվրամիության աղբյուրներին:
Միության անդամ երկրների պաշտպանության նախարարների կողմից այդ որոշման ընդունումը սպասվում է մայիսի 6-ին: «Այդ որոշումը շատ կարևոր է անդրատլանտյան համագործակցության և Եվրամիության երկրների և ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշակիցների միջև արդյունավետ փոխգործակցության համար»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրի խոսքը:
Նրա տվյալներով՝ PESCO-ի գլխավոր նպատակը ԵՄ-ի անդամների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացի կատարելագործումն է և սահմաններին բյուրոկրատական ընթացակարգերի թուլացումը, ներառյալ մաքսային կանոնների համաձայնեցումը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի արագ ծավալման և անդրսահմանային տեղափոխման պարզեցված կարգի ապահովման համար: