Լոնդոնում կայացած երկօրյա հանդիպումից հետո G7-ի արտգործնախարարները Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել և կոչ են արել Մոսկվային ուկրաինական սահմաններին և Ղրիմում «իրավիճակի դեէսկալացիայի» միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտնում է Sputnik-ը:
«Մենք հաստատում ենք մեր հետաքրքրությունը Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների հարցում: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք զարգացնել մեր հավաքական կարողությունները՝ զսպելու Ռուսաստանի Դաշնության պահվածքը, որը սպառնում է գործող միջազգային համակարգին, այդ թվում՝ կիբեռմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում: Մենք կշարունակենք համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների լուծման համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, զենքի վերահսկումը, ապառազմականացումը, չտարածումը, ինչպես նաև Արկտիկայում խաղաղ ու վստահ զարգացումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը»,- մեջբերում է գործակալությունը հայտարարության տեքստը։
G7-ը նաև «ծայրահեղ կարևոր» է համարում, որ ՌԴ-ն իր զորքերը հեռացնի Ուկրաինայի սահմանից, և ողջունում է «Ղրիմյան պլատֆորմի» գագաթաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Կոմյունիկեում նշվում է նաև, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների տևողությունը կախված է Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումից և «Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուց»: