Տաջիկստանի հետ հակամարտությունում զոհված Ղրղզստանի քաղաքացիների ընտանիքներին գրեթե 12 հազար դոլարի չափով փոխհատուցում կվճարվի: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը սահմանամերձ Մաքսատ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Առաջիկայում Բատկենի շրջանին հատուկ կարգավիճակ կտրվի, զոհվածների ընտանիքներին 1 միլիոն սոմերի (11.9 հազար դոլար) փոխհատուցում կվճարվի, օգնություն կտրամադրվի նաև տուժած ձեռներեցներին»,- մամուլի ծառայությունը մեջբերում է պետության ղեկավարի խոսքերը:
Հաղորդվում է, որ Ժապարովը տեղի բնակիչների հետ հանդիպել է ավերված դպրոցի տարածքում, որտեղ աղոթք է կարդացել բախումներում զոհերի համար:
«Նախագահը նշել է, որ այսօրվանից Մաքսատ գյուղում և մյուս տուժած գյուղերում շինարարական և վերականգնման աշխատանքներ կսկսեն, վնասված տների փոխարեն նոր ժամանակակից բնակարաններ կկառուցվեն»,- ընդգծել է մամուլի ծառայությունը: