Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով ռազմական համալսարանի դասախոսական կազմին և կուրսանտներին լսարանի բացման կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ բարեկամ երկու պետությունների դաշնակցային հարաբերությունները և ռազմական համագործակցության բարձր մակարդակը շեշտադրում են մշակութային կապերի, այդ թվում նաև՝ լեզվի իմացության կարևորությունը: Հիշեցնելով, որ ընդամենը երկու օր անց՝մայիսի 9-ին, նշվելու է ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակի հերթական տարեդարձը, Վաղարշակ Հարությունյանը համոզմունք էհայտնել, որ նորաբաց լսարանում կվերապատրաստվեն Մեծ Հայրենականի հաղթանակը կերտած հայազգի մարշալների ևզորահրամանատարների արժանի հետնորդներ:
Ռազմական համալսարանի կուրսանտների հետ մեկտեղ ռուսաց լեզվի ուսուցման լսարանում իրենց գիտելիքները կհամալրեն նաև ՌԴ ռազմաուսումնական բարձրագույն հաստատություններ դիմող սպաները:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռուսաց լեզվի ուսուցման լսարանը կրելու է ռուս անվանի զորահրամանատարԱլեքսանդր Սուվորովի անունը: