Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Յարոսլավլի շրջանում հայկական գերեզմանատան նկատմամբ կատարված վանդալիզմի ակտը:
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ Յարոսլավլի մարզի Յարոսլավլի շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի ակտ են կատարել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Այդ սրբապղծության արդյունքում վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:
Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ վանդալիզմի ակտը:
Կարծում ենք, որ այս հստակ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա: Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար: Այս առումով մենք մշտական կապի մեջ ենք իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Նման գործողությունները պետք է համապատասխանաբար դատապարտվեն, որպեսզի խուսափենք դրանց կրկնությունից », - ասվում է դեսպանության մեկնաբանության մեջ: