«Մեր ժողովրդի Հաղթանակի օրն է՝ Շուշիի ազատագրման օրն է, սակայն այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլված է մեզանից»,- հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված ասուլիսում, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ. «խոցված է մեր արժանապատվության մեջ, մեզ փորձում են կոտրել ու ոչնչաչնել»։
«Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է, համակողմանի ճգնաժամի մեջ ենք՝ ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական։ Մենք շարունակում ենք մեր պայքարն ընդդեմ ստի ու ամբոխավարության, անարդարության ու ապաշնորհության։ Երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ և պարտություն։
Ուստի մենք վերահաստատում ենք ուղիղ վեց ամիս առաջ սկսված մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը։ Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի։ Մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ հանուն Հայաստանի»,- ասել է Ի. Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ առաջիկա ընտրությունները սովորական չեն, մեր կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն է։
«Սա ընտրություն է ազգայինի ու ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, պատասխանատվության և ամբոխավարության, աշխատանքի և ձրիակերության, անեկղծության և ստախոսության, անվտանգ ապրելու, զարգանալու և անհեռանկար ապագայի միջև։
Ի վերջո՝ սա պետություն ունենալ-չունենալու ընտրությունն է։
Այս գիտայցումն է, որ ՀՅԴ-ին բերեց ուժերը համախմբելու, միասնական ճակատով հանդես գալու որոշմանը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա կրկին նշեց, որ ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ համատեղ դաշինքով։
«Մենք մեր ժողորդին ներկայանում ենք հաղթանակներ կերտած, ճգնաժամեր հաղթահարած, պետության կառուցման գործում հաջողած փորձով ու գիտելիքով, արժանապատվությամբ և վճռականությամբ, հավատով ու գաղափարականությամբ օժտված հավաքականությամբ։
Մենք հրաշքներ չենք խոստանում, բայց երաշխավորում ենք քրտնաջան աշխատանքով արագորեն երկիրը դուրս բերել այս վիճակից և կառուցել ուժեղ Հայաստան։ Մենք մի անգամ դա արդեն արել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, պատրաստ ենք անել նաև հիմա՝ հանուն Հայաստանի, հանուն հայության, հանուն ներկայի և ապագայի։
Մենք չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք Հայաստանի քաղաքացիների, բոլոր հայերի ազգային արժանապատվությունը։
Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն, ներազգային համերաշխություն, ապահովելու տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն, գալիս ենք իրականացնելու մարդու առողջապահական, կրթական, հոգևոր, մշակութային կարիքների բավարարմանն ուղղված արդյունավետ կառավարում։ Գալիս ենք ապահովելու արդարություն և օրենքի առաջ բոլորի հավասարություն, համախմբելու Հայաստանի, Արցախի ողջ հայ ժողովրդի ներուժը, մենք գալիս ենք կերտելու ապրելու Հայաստան, միավորելու բոլորին՝ աշխատավորին, գյուղացուն, մտավորականին, բժշկին, երիտասարդին, տարեցին և միասին հաղթանակ կերտելու դեպի ուժեղ և անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ, հզոր և ազգային Հայաստան։
«Հայաստան» դաշինքը շուտով դա իրականության կդարձնի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։