Բրիտանիայի կառավարությունը հաստատել է, որ չի համաձայնի, որ Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացվի: Կիրակի այդ մասին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Մայքլ Գոուվը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ոչ, մենք չենք պատրաստվում զբաղվել դրանով: Ինչ-որ օրենսդրական միջոցների կամ դատական հայցերի վերաբերյալ շահարկումների մեկնարկն ուշադրությունը շեղելու փորձ է: Ես հետաքրքրված չեմ այդ փակուղի հիշեցնող ճանապարհով»,-ասել է Գոուվը:
Պատասխանելով հարցին, թե ինչ հանգամանքների դեպքում Ջոնսոնը կհամաձայնվեր անցկացնել երկրորդ հանրաքվե, Գոուվն ասել է. «Այժմ դա չի քննարկվում: Իհարկե, Շոտլանդիայի բնակիչներն իրավունք ունեն, ինչպես մենք տեսել ենք 2014 թվականին, սակայն այժմ շատ կարևոր է կենտրոնանալ հրատապ խնդիրների վրա»: