Ֆրանսիայում ծառայության մեջ գտնվող զինվորականներից կառավարությանն ուղղված դիմում-խնդրագիրը քաղաքականացված է և իրականում ուղղված է կարգի տապալմանը և ոչ թե պաշտպանությանը: Նման կարծիք է հայտնել երկրի տնտեսության, ֆինանսների և վերականգնման նախարարությանը կից արդյունաբերության հարցերով նախարար-պատվիրակ Անյես Պանյե Ռյունաշեն:
«Դա անանուն դիմում է, այնպես որ մենք չգիտենք, թե ումից է այն գալիս: Բացի այդ, դա քաղաքական տեքստ է, որը հակասում է զինվորական ծառայության սկզբունքներին»,- հայտարարել է Պանյե Ռյունաշեն:
Պաշտոնյայի խոսքով` նոր նամակի հեղինակները «օգտագործում են ծայրահեղ աջ ուժերի եզրույթները, ինչպես որ վարվում է Մարին Լե Պենի ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցությունը:
«Փաստեր նշելը մի բան է, իսկ անկարգությունների կոչ անելը կարգը պաշտպանելու պատրվակով` այլ բան, ինչը հաստացվում է տվյալ խնդրագրի տողատակերում»,- վստահ է նախարար-պատվիրակը:
Վերջինս նշել է, որ անվտանգության հարցն արդիական է նախևառաջ համեստ եկամուտ ունեցողների համար, քանի որ հենց նրանք են ամենից հաճախ բախվում նման խնդիրների: Նա վստահեցրել է, որ կառավարությունն անում է ամեն ինչ իր քաղաքացիներին պաշտպանելու համար: