Այսօր մեկնարկում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու: Մինչ այդ Լավրովը բարձր մակարդակի բանակցություններ էր ունեցել Երևանում:
Լավրովի Բաքու այցի օրակարգում, ըստ էության, լինելու է նաև գերիների հարցը: Խնդիրը միայն այն չէ, որ նոյեմբերի 9-ից հետո սա հայկական կողմից բավականին երկչոտ դրվող միակ նախապայմանն է: Գերիների հարցը սկսում է հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Սա Ռուսաստանի համար դառնում է իմիջային հարց, քանի գերիներին վերադարձնելու պարտավորությունն Ադրբեջանը ստանձնել է ոչ թե Հայաստանի հետ երկկողմ, այլ Ռուսաստանի հետ եռակողմ պայմանավորվածությամբ:
Բաքվում Լավրովի օրակարգում, ամենայն հավանականությամբ, չի կարող չլինել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ շարունակվող հոգեբանական և տեղեկատվական պատերազմի դադարեցումը: Հայաստանի գործող իշխանությունը զարմանալիորեն այստեղ որևէ խնդիր չի տեսնում, կամ ավելի շուտ տեսնում է միայն այն դեպքում, երբ հանրային մեծ աղմուկ կա: Ռուսական կողմը ևս փորձում է այս խնդիրը շրջանցել, իսկ ուղիղ հարցերի դեպքում խուսափում է հասցեական քննադատությունից, սակայն Մոսկվան չի կարող չգիտակցել, որ Ադրբեջանի նման կեցվածքը տարածաշրջանում իր դերակատարման համար խիստ խնդրահարույց է: Այն ակտիվացման հնարավորություն է տալիս մյուս դերակատարների՝ մասնավորապես Միացյալ Նահանգների համար:
Բաքվում, բնականաբար, չի կարող քննարկման առարկա չդառնալ Ադրբեջանի կողմից շահարկվող Իսկանդերների հարցը, ականազերծման քարտեզների հարցը: Ռուսաստանի համար շատ կարևոր խնդիր է նաև Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հարցը: