ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանում հայտարարել է ականապատ տարածների քարտեզներն Ադրբեջանին հանձնելու Հայաստանի պատրաստակամության մասին: Այս քարտեզների բացակայության պատճառով նոր զոհերին վկայակոչելով` Ադրբեջանը Հայաստանի դեմ մեծ արշավ է սկսել և այս մասին է խոսում միջազգային գրեթե բոլոր հարթակներում:
«Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում ականների քարտեզներն իրականում Ադրբեջանի համար այսօր հակահայկական մեծ ալիք առաջացնելու առիթ են ընդամենը: Հայաստանն իբրև ոչ մարդասիրական երկիր ներկայացնելով` ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այս քարտեզները չտամադրելը հավասարեցնել հայ ռազմագերիներին չվերադարձնելու խնդրի հետ», - մեզ հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարություններում և միջազգային մի շարք փաստաթղթերում` ԵՄ, Եվրոպական պառլամենտի, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի և այլ հայտարարություններում իրոք հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի կոչերի հետ հավասար նշվում է այս քարտեզների տրամադրման անհրաժեշտությունը: Ըստ Նաիրա Կարապետյանի, ագրեսոր պետությունը, որը միջազգային իրավունքի և մի շարք կոնվենցիաների կոպիտ խախտմամբ պատերազմ սկսեց մեր դեմ, փաստացի, կարողանում է օրակարգ թելադրել:
«Սա մեր դիվանագիտության անկարողության արդյունք է, և խնդիրը բավականին խորն է: Ի տարբերություն Ադրբեջանի, մեր արտաքին գերատեսչությունը չունի հստակ հանձնարարական և սրանից բխող մարտավարություն` աշխարհին ներկայացնելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գործած ռազմական հանցագործությունները: Եվ քանի դեռ չկա նման առաջնահերթություն, մենք միշտ լինելու ենք զիջողի դերում: Ուղղակի զարմանալի է, որ մեր 19 ռազմագերիների տանջամահ արած պետությունը ոչ միայն որևէ մեղադրանք չի լսում, այլև պայմաններ է թելադրում: Փաստորեն, քարտեզները տրամադրվելու են առանց որևէ նախապայմանի` մեր ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու դիմաց», - նշել է մեր զրուցակիցը և եզրափակել. «Մեզ պետք է միջազգային հեղինակության վերականգնում և նոր բանակցող»: