COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը չի օգտագործվի Նորվեգիայի բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու ծրագրում: Այդ մասին հայտնել է վարչապետ Էռնա Սուլբերգը:
«AstraZeneca պատվաստանյութը լիովին բացառվել է պատվաստումների ծրագրից»,-նշել է նա: Վարչապետը պարզաբանել է, որ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության Janssen պատվաստանյութի նկատմամբ առանձին որոշում կընդունվի:
Նորվեգիան չի սկսել օգտագործել Janssen պատվաստանյութը, որը հաստատվել է ԵՄ-ում և թագավորությունում մարտի 11-ին: Որոշումը հիմնավորվել է նրանով, որ հնարավոր կողմնակի ազդեցությունները՝ թրոմբոզների առաջացումը, պահանջում են հետագա ուսումնասիրություններ: AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը դադարեցվել է Նորվեգիայում նույն օրը՝ մարտի 11-ին, երբ հայտարարվել էր պատվաստված մարդկանց շրջանում թրոմբոզների առաջացման և արյան մակարդելիության խանգարումների մասին:
Ինչպես հայտնել է վարչապետը, 18-24 տարեկան երիտասարդներին կառաջարկվի պատվաստվել ավելի վաղ, քան ենթադրվում էր: Դա կապված է հանգամանքի հետ, որ երիտասարդությունը մեծամասամբ նպաստում է վարակի տարածմանը և որ Նորվեգիայում այդ խմբի շրջանում է գրանցվել վարակվածների մեծամասնությունը: Ամենավերջում կպատվաստվեն 25-39 տարեկան քաղաքացիները:
Կառավարությունը նախատեսում է, որ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին կառաջարկվի պատվաստվել հուլիսի վերջում կամ օգոստոսի սկզբում: Ներկայում շուրջ 1,5 միլիոն նորվեգացի ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, շուրջ 500 հազար մարդ պատվաստվել է ամբողջովին: