Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այն բանից հետո, երբ այս դեպքը կատարվեց, հայտարարություններ է արել՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ և, որ ամենակարևորն է, սահմանի բացակայությամբ, որը կսահմանազատվի և կսահմանագծվի: Այնտեղ դրանով ոչ ոք չի զբաղվել: Մենք կողմերին առաջարկել ենք սկսել այդ աշխատանքները: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում` և քարտեզագրական նյութեր, և խորհրդատվական ծառայություններ տրամադրելով»,- ասել է նա: