Իսրայելը Գազայի հատվածում խոցել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տուն

13:52     18 մայիսի, 2021

Իսրայելցի զինվորականները երեքշաբթի գիշեր հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ արմատական շարժման հրամանատարների հինգ տների։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների։ Տներն օգտագործվում էին ահաբեկչական նպատակներով, դրանց մի մասը հրամանատարական շտաբներ էին»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։

Զինվորականները տեղեկացրել են նաև անօդաչու թռչող սարք որսալու մասին, որը մոտեցել էր Հորդանանի հետ երկրի սահմանին։ «Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Էմեկ-խա-Մաայանոթ շրջանում (Իսրայելի կենտրոնական մասում, Կիներեթ լճից հարավ) իսրայելական սահմանին մոտեցած ԱԹՍ-ն խփվել էր Իսրայելի ՌՕՈւ զինծառայողների մոնիթորինգից հետո։ ԱԹՍ կտորները հավաքվել են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների կողմից»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։ The Jerusalem Post թերթի տեղեկատվությամբ՝ առայժմ չի հաջողվում պարզել, թե ով է իրականացրել անօդաչուի կառավարումը։

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մայիսի 10-ից սկսած՝ իսրայելական քաղաքների վրա արձակել են 3 440 հրթիռ, որոնցից մոտ 500 ռումբ ընկել է հենց պաղեստինյան անկլավում, մոտ 90 տոկոսը ոչնչացվել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգով, տեղեկացրել են բանակում։ «Գազայի հատվածից Իսրայելի տարածքի դեմ արձակվել է 3 440 հրթիռ, որոնցից մոտ 500-ն ընկել է հենց Գազայի հատվածում։ «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը չեզոքացրել է ռումբերի մոտ 90 տոկոսը»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։

Ի պատասխան՝ «Իսրայելի  պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի ահաբեկչական թիրախներին և անհրաժեշտության դեպքում կշարունակի ուժ կիրառել»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։

Ընդհանուր առմամբ 62 իսրայելական կործանիչ մայիսի 18-ի գիշերը 110 կառավարվող ռումբ է նետել 65 զինվորական օբյեկտների վրա, որոնք մտնում են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա հաղորդակցությունների համակարգի մեջ, տեղեկացրել են բանակի մամուլի ծառայությունում։ 


© armedia.am