Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են հեռանկարային առեւտրային գործընկերների հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ ի լրումն առկա պայմանագրերի: Այս մասին ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման համաժողովի բացման ժամանակ իր տեսաուղերձում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԵԱՏՄ-ն ունի վեց խոշոր միջազգային առեւտրային համաձայնագրեր՝ Վիետնամի, Իրանի, Սինգապուրի, Սերբիայի եւ երկուսը Չինաստանի հետ: Նմանատիպ պայմանավորվածություններ են մշակվում Եգիպտոսի եւ Իսրայելի հետ, եւ պատրաստվում է բանակցությունների մեկնարկը Հնդկաստանի հետ: Քննարկվում է հեռանկարային առեւտրային գործընկերների հետ բանակցային նոր ուղիներ սկսելու հնարավորությունը»,- ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջոցով համագործակցություն է հաստատել տարածաշրջանի մի շարք այլ երկրների եւ ինտեգրացիոն միությունների հետ: Բացի այդ, մեծ մասամբ տեխնիկական շփումներ են իրականացվում ԵՏՀ եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ: «ԵԱՏՄ-ն պատրաստ է այդ տեխնիկական շփումներն առավել համակարգված ու բովանդակալից դարձնել»,- ասել է Լավրովը: