Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ ՊԵԿ և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարները քննարկել են նաև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների հետ կապված Իրանի և Հայաստանի միջև էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման առավել արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր: Կողմերը, ինչպես տվյալ հարցի, այնպես էլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ավելի արդյունավետ և փոխհամագործակցված կազմակերպելու նպատակով, պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման համատեքստում: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ծագած խնդիրների լուծման և միջազգային համաձայնագրերով նախատեսված բոլոր գործառույթները կյանքի կոչելու նպատակով:
ՀՀ ՊԵԿ նախագահը և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը:
ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իրանի հարկային կազմակերպության նախագահ Օմիդ-Ալի Փարսայի հետ: Էդվարդ Հովհաննսիյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շրջանակում կիրառվող գործիքակազմը: ՊԵԿ նախագահն իր գործընկերոջը հրավիրել է պատասխան այց կատարել Հայաստան` հարկային վարչարարության ոլորտում կիրառվող էլեկտրոնային համակարգերին ծանոթանալու, ինչպես նաև հնարավոր խորհրդակցության տրամադրման քննարկման նպատակով: Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ հարկային կազմակերպության ղեկավարները կարևորել են Հայաստանի և Իրանի հարկային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենա նաև Իրանի առևտրի պալատի նախագահի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: