Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են ապահովել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, ինչպես նաև Բերձորի միջանցքով տրանսպորտային միջոցների երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը: Այդ մասին տեղեկություն է հրապարակված ՌԴ ՊՆ կայքէջում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» հենակառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
«Մեր հիմնական խնդիրն է վերահսկել հրադադարի պայմանագրի պահպանումը, ինչպես նաև ապահովել երթուղու երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգությունը»,-ասել է դիտակետի հրամանատար Սերգեյ Իվանովը և հավելել. «Դրա համար այտեղ ձևավորվել են անցակետեր, որտեղ գրանցվում են տրանսպորտային բոլոր միջոցները: Իրականացվում է տարածքի շուրջօրյա հսկողություն, ապահովվում է նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը»:
«Պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգից բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության, խախտումները կանխելու, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակմանը դիմակայելու վարժանքներ: Ազդանշանի ստացման դեպքում ռուս խաղաղապահները պատրաստ են հնարավորինս սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր գրավել կահավորված դիտակետերում`կանոնագրքային պահանջներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ: