Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է` Սյունիքում ստեղծված իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի հետ խոսակցությունը շարունակվում է։ Միրզոյանը նման հայտարարություն արեց ԱԺ նիստի ժամանակ` անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն կարծիքին, թե ՌԴ–ն չի կատարում իր դաշնակցայինն պարտականությունները, հաղորդում է Sputnik-ը։
«Օրերս ես պաշտոնական այցով ՌԴ–ում էի, և մայիսի 17-ին հանդիպեցի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Վերջինիս հետ բավականին անկեղծ և կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ։ Բացի այդ, ՌԴ–ի հետ Հայաստանն ունի անվտանգության առնչվող միջազգային պայմանագրեր, և չեմ կարծում, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` պետք է պահպանենք լավատեսությունը։ Միրզոյանը վստահեցրեց, որ Սյունիքի հարցով գործընթացները բոլոր գործընկերների, այդ թվում ՌԴ–ի հետ, շարունակվում են։
Նա նշեց, որ ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ ՀՀ–ն պետք է ջանքեր գործադրի` րոպե առաջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ ԱԺ նախագահն ասաց, որ միշտ չէ, որ նման բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, երբեմն սառնասրտությունն ավելի արդյունավետ է։
Միրզոյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը միջազգային կառույցների ուշադրությունը սևեռելու համար Սյունիքի դեպքերի վրա։ Ավելին, ՀԱՊԿ–ն էլ ունի ընթացակարգեր, մեխանիզմներ, որոնք դեռ քննարկվում են։