Հայաստանը՝ մի շարք երկրների շահերի բախման թատերաբեմ

15:27     27 մայիսի, 2021

Այսօր Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայողներին գերի վերցնելով Ադրբեջանը այդ թվում նաև դեմարշ է անում Իրանին, որի արտգործնախարարը երեկ ավարտեց անվտանգային օրակարգով իր այցն Ադրբեջան և Հայաստան: Այն կոչված էր սահմանային լարվածության ֆոնին կողմերին ևս մեկ անգամ հիշեցնելու Իրանի կարմիր գծերի մասին:

Իրանը բավականին զգայուն է Սյունիքում տեղի ունեցող զարգացումների՝ մասնավորապես Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհների վերագործարկման հարցում: Թեև Հայաստանի իշխանությունները պնդում են, որ որևէ միջանցքային տրամաբանություն չեն քննարկում, սակայն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ այդ ճանապարհների վերաբերյալ ձևակերպումները հստակ ցույց են տալիս, որ խոսքը ուղղակի ապաշրջափակման մասին չէ:

Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Իրանի արտգործնախարարի Երևանում արած շեշտադրումը. Թեհրանը շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում: Այսինքն այսօր Իրանը լուրջ մտավախություններ ունի ոչ միայն Հայաստանի սահմանների անքատելիության, այլև Հայաստանի տարածքի նկատմամբ մեր ինքնիշխանության իրական ապահովման հետ կապված:

 

 


© armedia.am