ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալումով: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին՝ բոլոր ձերբակալվածներին մարդասիրաբար վերաբերվելու շուրջ:
ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ սահմանազատված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը սահմանազատման հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը:
Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր, և ողջունում ենք այդ նպատակին միտված հայտարարությունները:
Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունը և հող կնախապատրաստեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանը շտապ սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:
ԱՄՆ-ը կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական (սուբստանտիվ) բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- ասված է հայտարարությունում: