2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները: Tert.am-ի հարցմանը, թե ինչ է նկատի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ասելով, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», այսպես է արձագանքել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում, կրկին ընդգծում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու»,- ասել է նա պատասխանում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է կիրակի՝ ընդունելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի գլխավորած պատվիրակությանը:
«Պատերազմի ավարտից հետո առաջին փուլում Հայաստանը դեմ էր հանդես գալիս այս հարցին: Սակայն վերջերս ինձ տեղեկացրել են, որ հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է այդ միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով: Այդ հարցը քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակում»,- ասել է Ալիևը: