Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում պահպանել քրիստոնեական և մուսուլմանական մշակութային ժառանգությունը, հայտնում է Tert.am-ը:
«Չնայած նրան, որ զինադադարը գլոբալ առումով պահպանվում է Լեռնային Ղարաբաղում, դեռ շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը բնակչությանը: Ես խոսում եմ բոլոր պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտության մասին, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի սահմանափակումների վերացման և ականապատված տարածքներում լուրջ խնդիրների մասին»,- լրագրողներին ասել է Մակրոնը երկրի մայրաքաղաք Փարիզ ժամանած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը մատնանշել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը:
«Անկախ նրանից՝ խոսքը քրիստոնեական, թե մուսուլմանական ժառանգության մասին է, այն պետք է պահպանվի»,- շեշտել է նա՝ հավելելով․ «Եվ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին պետք է բոլոր ջանքերը գործադրի կողմերի միջև ապաէսկալացմանն ու երկխոսության վերականգնմանը հասնելու համար»։