Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից աշխույժ եռուզեռ է. կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաև ուղևորափոխադրումների հոսքը, հայտնում է Aysor-ը:
Վրաստանն օտարերկրյա քաղաքացիների համար բացել է ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը 10-ից սկսել է սպասարկել Հայաստանից Վրաստան մեկնող և հակառակ ուղղությամբ ժամանող քաղաքացիներին: Ուղևորների հոսքի ավելացման դեպքում մաքսակետը պատրաստ է 24 ժամյա ռեժիմով, պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով վերապահված մաքսային գործառույթները` մատուցելով որակյալ և արագ սպասարկում: