Կար ժամանակ, երբ Հայաստանը վարում էր հավասարակշռված քաղաքականություն իր արտաքին հարաբերություններում: Հայաստանին հաջողվել էր իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա: Բավականին հաջող համագործակցություն էր ծավալվում ինչպես ուժային կենտրոնների, այնպես էլ հարևան երկրների հետ: Իր «և´…և´»-ի հաջողված քաղաքականությամբ Հայաստանը միջազգային հանրության կողմից ընկալվում էր որպես մի երկիր, որը կարող էր նախադեպ ծառայել այլ երկրների համար, որն օրինակ կարող էր ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ միաժամանակ և զարգացնել համագործակցությունը տարբեր վեկտորների հարող հարևանների հետ:
Սակայն 2018թ.-ից սկսած այդ հավասարակշռված քաղաքականությունը բավական մեծ տեմպերով ամբողջությամբ տապալվեց: Ներկայիս իշխանությունները ձեռքբերվածը պահպանելու փոխարեն հետևողականորեն արեցին ամեն հնարավորը այն կորցնելու ուղղությամբ: Ոչ ադեկվատ արտաքին քաղաքականության պատճառով ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը բացակա է ոչ միայն տարածաշրջանից, այլ ամբողջ աշխարհից:
Այս համատեքստում է տեղավորվում օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կատարած այցը Թուրքիա: Այն, որ երկու երկրները համագործակցում են տարբեր ոլորտներում և ոչ միայն առևտրատնտեսական, այլ նաև ռազմական, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն Ղարիբաշվիլիի այս այցի առանձնահատկությունն այլ հարցում էր կայանում: Փաշինյանի ոչ հայանպաստ գործունեության հետևանքով, որը հանգեցրեց կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանը, ներկայումս տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունենում կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակման կոնտեքստում, և տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր նոր վերադիրքավորման փորձ է կատարում: Հետաքրքրականը սակայն այն է, որ անգամ այդ հարցում է Հայաստանը բացակա:
Այլ կերպ ասած, իրականում այցը Հայաստանի տապալված արտաքին քաղաքականության վառ ապացույցներից մեկն էր: Ուշագրավն այն է, որ թվում է, թե կա Հայաստան պետություն, որին կարելի է միջանկյալ անդրադառնալ, պետության շուրջ ինչ-ինչ քննարկումներ անել՝ այն էլ հպանցիկ և կարևորություն չտալով վերջինիս հետ կապված հարցերին, ստվերել նրա գոյության փաստը և առաջ անցնելով անդրադառնալ տարածաշրջանի «հիմնական ու կարևոր» խաղացողներին առնչվող թեմաներին:
Անգամ այն հարցերում, որտեղ կա Հայաստանին հպանցիկ անդրադարձ, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահի կողմից առ այն, որ «Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության բանալի և պատրաստ է աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափի, այդ թվում` Վրաստան-Ադրբեջան-Հայաստան», անգամ այդտեղ է Հայաստանը բացակա, քանի որ մինչ օրս վերջինիս կողմից չկա Էրդողանի հայտարարության վերաբերյալ որևէ արձագանք: Չկա, որովհետև երկրի ղեկավարը հասցրել է այն կետին, որ Հայաստանը չունի արտգործնախարար և անգամ արտգործնախարարի մամուլի քարտուղար, իսկ ինքն անձամբ իր՝ իշխանության մնալն ավելի կարևորելով, զբաղված է իր վերարտադրությունն ապահովելու շրջագայություններով:
Տարածաշրջանը եռում է, սակայն Հայաստանը շարունակում է բացակա մնալ…