ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին մի շարք հանդիպումներ կանցկացնի իր արտերկրյա առաջին ուղևորության ընթացքում: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հունիսի 10-ին նախատեսված է ամերիկացի առաջնորդի հանդիպումը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, որի ընթացքում նրանք կքննարկեն երկու պետությունների երկկողմ հարաբերությունները: Ուղևորության շրջանակներում Բայդենը կմասնակցի նաև Քորնուոլում կայանալիք G7 գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 11-13-ը:
Հունիսի 13-ին Ուինձորի ամրոցում Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Այնտեղից նախագահը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Նա նաև կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջական շրջանակը:
Բրյուսելում գտնվելու ընթացքում ամերիկացի առաջնորդը կմասնակցի ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովին, որը կկայանա հունիսի 15-ին:
Դրանից հետո Բայդենը կմեկնի Ժնև, որտեղ հունիսի 16-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ժնևում գտնվելու ընթացքում նա կհանդիպի նաև Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինի և արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ: