Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում իտալական զորակազմն առաջիկա շաբաթներին լիովին կհեռանա այդ երկրից: Այս մասին հայտնել է La Stampa թերթը՝ նշելով, որ այնտեղ մնացած 800 զինծառայողների 20 տոկոսն արդեն վերադարձել է հայրենիք:
Հանրապետության պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին Հերաթում, որտեղ բազավորված են իտալացիները, հունիսի 8-ին մասնակցել է տեղական ռազմակայանում ազգային դրոշի իջեցման խորհրդանշական արարողությանը: Նա նշել է, որ կարևոր է թույլ չտալ Աֆղանստանի վերածումն «ահաբեկչության կենտրոնի», ինչպես նաև հայտնել է, որ կշարունակվի անվտանգության տեղական ուժերի պատրաստումն այդ երկրում «մինչև հիմա ձեռք բերված նպատակների պահպանման համար»:
Իտալական զորակազմը, որի թվաքանակը հասել էր ավելի քան 900-ի, գրեթե 20 տարվա ընթացքում Աֆղանստանում է գտնվել երեք առաքելությունների կազմում, և չնայած ներկայությունը վերջացնելու բազմակի փորձերին, Իտալիայի իշխանությունները հետաձգում էին դուրսբերումն ԱՄՆ-ի խնդրանքով: