Եվրամիությունը «ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Վրաստանի աջակցությամբ ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրին Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայերի ազատմանը և ականների քարտեզների հանձնմանը»: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է news.am-ը:
«Դրանք կարևոր մարդասիրական քայլեր և վստահության ամրապնդման ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսով ենք, ճանապարհ կհարթեն կողմերի հետագա համագործակցության և բոլոր գերեվարված հայերի վերջնական ազատման, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր քարտեզներ փոծանցման համար` քաղաքացիական զոհերից խուսափելու համար:
Մենք կշարունակենք նպաստել հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում, հնարավորության դեպքում, աջակցելով կայունացման, հետկոնֆլիկտային վերակառուցման և վստահության ամրապնդման միջոցներին և կրկին կոչ կանենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասվում է հայտարարության մեջ: