Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության խմբակցությունների հայտարարությունը.
Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են:
2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով միջազգային և տարածաշրջանային բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ուխտադրժորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, պատերազմական գործողությունների ընթացքում կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:
Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվել են, ոչնչացվել և պղծվել են ազգային-քրիստոնեական հարյուրավոր կոթողներ:
Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:
Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին:
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով:
Համայն հայությունը այս դժվարին օրերին պետք է բռունցքվի և դիմակայի նոր մարտահրավերներին»: