ԱՀ ոստիկանությունը ծառայության է հրավիրում արական սեռի քաղաքացիների։ Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցին հայտնեցին ՆԳ նախարարության ոստիկանության կադրերի բաժնից:
Նրանք հավելեցին, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության գումարտակի տեսուչի պաշտոնում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան բարձրագույն կրթությամբ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստվածությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
«Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով՝ քաղաքացիները փորձաշրջան են անցնելու և ծանոթանալու են ծառայությանը»,- մեզ հետ զրույցում ասացին ՆԳ նախարարության ոստիկանության կադրերի բաժնից: Ցանկացողները մանրամասն տեղեկությունների համար կարող են դիմել Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (047) 94-61-02: