Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները լուծում են հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման և Արցախի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է Panorama-ն:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ Մարտունու շրջանում, ռուս խաղաղապահներն ապահովել են երկու բնակավայրերի ջուր ապահովող ջրատարի անցկացման աշխատանքների անվտանգությունը:
«Աշխատանքներ են տարվում Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավար Էդիկ Հովհաննիսյանը:
Մոտակա ջրամատակարարման կետը գտնվում է շփման գծի հարևանությամբ, այդ պատճառով էլ տեղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:
«Պատերազմից հետո խնդիրներ են առաջացել այս երկու գյուղերում ջրամատակարարման հետ կապված, դիմեցինք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին: Նրանք շատ արագ արձագանքեցին, շատ շնորհակալ եմ դրա համար»,- շնորհակալություն հայտնեց վարչակազմի ղեկավարը:
«Վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են շրջակա տարածքը՝ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, որից հետո թույլ են տվել աշխատել ինժեներական սարքավորումներին:
Խողովակաշարի 20 կիլոմետրը փոխարինելուց հետո Արցախի Թաղավարդ գյուղերի և Կարմիր Շուկայի ավելի քան 2500 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն: