Որպես հայ-ադրբեջանական սահմանի խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում` Ռուսաստանը տեսնում է երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը`դրան հաջորդող սահմանագծմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ, ինչին գումարվում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը»: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են իրավիճակի դեէսկալացմանը: Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և սահմանային ծառայությունների միջոցով հաստատվել է սերտ համակարգում ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Վերջին շաբաթվա ընթացքում լարվածությունը թուլացել է, սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Որպես խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն ամենաակտիվ կերպով աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- ասել է նա: