Կրեմլը ցանկանում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի որոշումը օգնի երկրին մտնել կայուն զարգացման հետագիծ և հաղթահարել դժվարությունները: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանում ընտրությունների արդյունքները և ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը Երևանի հետ փոխգործակցության առնչությամբ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պեսկովը հավաստիացրել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է այն տեղեկատվությանը, որը գալիս է Հայաստանից: «Իհարկե, մենք կցանկանայինք, որ հայ ժողովրդի այս ընտրությունը օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք ներկայումս ապրում է երկիրը և դուրս գալ կայուն զարգացման հետագիծ: Այդ թվում նաև Եռակողմ համաձայնագրերի իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի Նախագահի [Վլադիմիր Պուտին] անմիջական ներգրավմամբ», - ասել է Կրեմլի խոսնակը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են: «Մենք տեսնում ենք, որ [վարչապետի պաշտոնակատար Նիկոլ] Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», - նշել է Պեսկովն՝ ավելացնելով, որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերն է: