ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ իրենք աշխատում են Մինսկի խմբի շրջանակում` աջակցելու համար Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել Լավրովի հետ քննարկել «մի շարք հակամարտություններ»:
«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի աջակցենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նույնպես մատնանշում է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված գործողություններին»,- ասել է վերջինս:
«Կքննարկենք հարցերի առանձին մեծ շրջանակ` հակամարտություններ, որոնց կարգավորման աջակցմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն: Նկատի ունեմ ներուկրաինական, ղարաբաղյան, մերձդնեստրյան, Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումները: Ինչպես ասում են, անելու գործ կա»,- իր հերթին, նշել է Լավրովը: