Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանն ի սկզբանե արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գերիների վերադարձն իրականացվի և գործընթացն այս ուղղությամբ առաջ գնա: Այստեղ մեծ է անձամբ գեներալ Մուրադովի՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի դերը: Այս հարցով զբաղվում են նաև Ռուսաստանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, այս խնդրի լուծումը մեծ ջանքեր է պահանջում», - շեշտեց ռուսաստանցի դիվանագետը: