Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանը խոսել է բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:
«Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից: Կամ թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս, կամ կառչած եմ աթոռից: Ամենևին ոչ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը»:
Արայիկ Հարությունյանը իր խոսքում նշել է, որ պատրաստ է բոլորի հետ երկխոսության:
«Թող արտահայտեն իրենց կարծիքը, պատրաստ եմ լսել և՛ հրապարակայնորեն, և՛ առանձին, պատրաստ եմ լսել նրանց, ովքեր այստեղ տարբեր վանկարկումներ են անում, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին», - շեշտել է նա:
Հարությունյանը խոսել է նաև ՀՀ և ԱՀ հարաբերությունների մասին:
Նախագահը ներողություն է հայցել Արցախի ժողովրդից իր կողմից թույլ տված սխալների ու բացթողումների համար:
Նաև շնորհակալություն է հայտնեց բոլորին, ովքեր պատերազմի ընթացքում անգամ ամենափոքր ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
«Շնորհակալ ենք և խոնարհվում ենք մեր բոլոր նահատակների ու նրանց հարազատների առջև: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՌԴ նախագահին, խաղաղապահ ուժերին՝ ղեկավար Մուրադովի գլխավորությամբ, որոնք այսօր պահպանում են մեր անդորրը», - նշել է Արայիկ Հարությունյանը:
Ելույթի ավարտից հետո երկրի ղեկավարի առաջարկով հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի եղբայրական գերեզմանոց՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին:
Երեկ տեղի է ունեցել հանրահավաք՝ նախագահի հրաժարականի պահանջով , որը շարունակվել է նաև այսօր։